Հայաստանը բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբ կներկայացնի Ռուսաստանի առաջնությունում
ՍպորտՀայաստանն այս տարի բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբ կներկայացնի, որը հանդես կգա Ռուսաստանի բասկետբոլի առաջնությունում և եվրոպական լիգաներից մեկում: Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Հայաս տանի հավաքականի 8 մարզիկներ կհամալրեն այդ ակումբի կազմը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը համաձայնել է վերադառնալ Հայաստան և գլխավորել այդ թիմը: Այնպես որ, մենք դեռ ձեզ շատ կուրախացնենք: Սակայն պետք է հասկանալ, որ սպորտում լինում են նաև պարտություններ, դրա համար նախօրոք ներողություն ենք խնդրում ապագա պարտությունների համար»,-նշեց Պողոսյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կհրապարակի նորաստեղծ ակումբի անունը: «Ես հիմա պատրաստ չեմ հրապարակել թիմի անունը: Այդպես ենք պայմանավորվել: Խաղերը, ըստ երևույթին, կկայանան «Միկա» ակումբում: Մարզիչը կլինի Տիգրան Գյոկչյանը: Կարծում ենք, չենք սխալվել մարզչի հարցում: Ելույթներն սկսվելու են հոկտեմբերից, բայց արդեն օգոստոսից մարզական հավաք կկազմակերպենք: Թիմի կազմը կհրապարակենք երկու շաբաթ հետո, բայց կարող եմ ասել, որ կազմն արդեն համարյա պատրաստ է»,- հավելեց Պողոսյանը: