Բելառուսը պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության մասին բազային համաձայնագրի ուղղությամբ. Մակեյ
ՄիջազգայինՄինսկը պատրաստ է սկսել աշխատել Եվրամիության հետ գործընկերության և համագործակցության մասին բազային համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Այդ մասին հինգշաբթի օրը Ռիգայում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը,գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք հասկանում ենք, որ դա պահանջում է ԵՄ-ի շրջանակներում որոշակի քննարկում: Մենք Բելառուսում պատրաստ ենք սկսել աշխատանքներն այդ համաձայնագրի ուղղությամբ: Քանի որ դա կբխի ինչպես ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել փորձող Բելառուսի շահերից, այնպես էլ ԵՄ-ի շահերից»,- ասել է Մակեյը:
Նրա խոսքով՝ կան մի շարք քայլեր, որոնք կարող են և պետք է անեն երկու կողմերն էլ հարաբերությունները կարգավորելու համար: «Մենք այժմ ակտիվ աշխատում ենք այդ քայլերի իրականացման ուղղությամբ: Եվ մենք բավարարված ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման մեջ դրական առաջընթացով: Այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն փաստն է, որի մասին նշել է պարոն Ռինկևիչսը (Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչս), Բելառուսի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ընդգծել է Մակեյը: