Յուրա Մովսիսյան. ՄԼՍ-ում ավելի լավ են խաղում, քան Ռուսաստանում
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը համեմատել է ամերիկյան ՄԼՍ-ի եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի խաղամակարդակները: Հայ հարձակվողն այժմ հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»:
«Ես կարծում եմ՝ այս պահին ՄԼՍ-ում ավելի լավ են խաղում ֆուտբոլ: Ռուսաստանի առաջնությունում միայն երկու-երեք թիմ է մշտապես հավակնում տիտղոսի եւ մյուս թիմերի համեմատ ունեն շատ ավելի բարձր խաղամակարդակ: ՄԼՍ-ում արդյունքների հավասարությունը չափազանց մեծ է: Այս լիգան շատ երիտասարդ է, բայց արդեն արժանացել է բազմաթիվ գովասանքների խաղամակարդակի եւ կազմակերպչական բարձր աստիճանի համար: Չեմ կասկածում, որ ՄԼՍ-ը կշարունակի արագ զարգանալ:
Իհարկե, այն դեռ զիջում է Եվրոպայի առաջատար լիգաներին, բայց այնտեղ այնպիսի պատմական ավանդույթներ են, որ շատ դժվար է նույնիսկ մոտենալ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի 18 հանդիպումներում խփել է 7 գոլ: Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»: