Նիսում բեռնատարը մխրճվել է Ազգային տոնին մասնակցող մարդկանց մեջ և կրակ բացել. կան տասնյակ զոհեր
ՄիջազգայինՖրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է մոտ 50 զոհերի և մի քանի տասնյակ վիրավորների մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդն սպանվել է ոստիկանների կողմից:
«Նիսի սիրելի բնակիչներ, բեռնատարի վարորդը հավանաբար սպանել է տասնյակ մարդկանց, մնացեք տներում: Խոստանում ենք մանրամասներ հաղորդել»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից: Նա կժամանի Ներքին գործերի նախարարություն, որտեղ սկսել է աշխատել ճգնաժամային խումբը: