«Իսլամական պետությունն» առաջարկել է վիրավոր սիրիացիներին փոխանակել իր գրոհայինների հետ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բանակցություններ են վարում սիրիական Մանբիջ քաղաքի վիրավոր բնակիչներին իրենց կողմնակիցների հետ փոխանակելու շուրջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Մանբիջի զինվորական խորհրդի հայտարարության համաձայն` խաղաղ բնակիչները քաղաքում պատանդ և «հաղթաթուղթ» են դարձել ահաբեկիչների ձեռքին:
Քրդերի տվյալներով` ահաբեկիչները Մանբիջի բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան ավիահարվածների ժամանակ:
«Սիրիական ժողովրդավար ուժերը» գրեթե մեկ ամիս փորձում են ազատել Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքը իսլամիստ գրոհայիններից: Ահաբեկիչները մեծ թվով մահապարտների են օգտագործում գրոհները ետ մղելիս: