Իսրայելում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս բանտ նստեցնել մինչեւ 14 տարեկան երեխաների
ՄիջազգայինԿնեսետը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հաստատել է օրինագիծը, որը թույլ է տալիս ազատազրկման դատապարտել 14 տարեկանից փոքր անչափահասների, որոնք այնպիսի ծանր հանցագործություններ են կատարել, ինչպիսիք են կանխամտածված սպանությունը կամ էլ սպանության փորձը: Խոսքն ահաբեկչական գործողությունների եւ այնպիսի հանցագործությունների մասին է, որոնք իրականացվում են քրեական հողի վրա: 32 պատգամավոր քվեարկել է այդ առաջարկի օգտին, 16-ը` դեմ:
Արդարադատության եւ սոցիալական ապահովության նախարարությունների կողմից Կնեսետի պատգամավոր Անատ Բերկոյի («Լիկուդ») մասնավոր օրինագծի հետ միասին ներկայացված օրինագիծը թելադրված է ահաբեկչական գործողությունների շարքով, որոնք իրականացվել են անչափահաս պաղեստինցի արաբների կողմից, հայտնում է Newsru-Israel-ը:
Հաստատված օրենքի համաձայն, դատավորը կարող է անչափահաս հանցագործներին ազատազրկման դատապարտել, ինչը նրանք կսկսեն կրել 14 տարեկանից: Մինչ այդ նրանք կգտնվեն փակ գիշերօթիկում: Հանցագործի` գիշերօթիկից բանտ տեղափոխվելուց անմիջապես առաջ տեղի կունենա լրացուցիչ դատաքննություն եւ դատավորները վերջնական որոշում կկայացնեն:
Իսրայելում ներկայումս գործող օրենսդրության համաձայն, մինչեւ 12 տարեկան երեխաներն իրենց գործողությունների համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Նրանք, որոնք հանցագործություն են կատարել 12 տարեկանից մեծ, բայց 14 տարեկանից երիտասարդ տարիքում, կարող են հետաքննության ենթարկվել եւ կանգնել դատարանի առաջ, սակայն դրանից հետո ուղարկվում են հատուկ փակ ուղղիչ հաստատություններ, որտեղ մնում են մինչեւ 20 տարեկանը: