Ժիրինովսկին հնարավոր է համարել Թրամփի հետ ազգակցական կապը
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրել է, որ ինքը կարող է լինել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հեռու բարեկամը: Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է TASS-ի սրահում մամլո ասուլիսի ժամանակ:
Ժիրինովսկու խոսքով՝ ինքը անալիզներ է տվել ամերիկյան լաբորատորիայում: «Իմ տոհմը… այնտեղ հարազատների մեջ կան (ԱՄՆ 36-րդ նախագահ) Լինդոն Ջոնսոնը, (ԱՄՆ) երկու փոխնախագահներ: Եթե փորփրենք Դոնալդ Թրամփի տոհմը, գուցե այնտեղ լինեն ուղիղ հարազատներ. նկատի է առնվում այն տոհմը, որը 10 հազար տարի առաջ ցրվել է ամբողջ մոլորակով»,- ասել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ Թրամփն ինչ-որ բանով իրեն մոտ է: «Նրանով, որ նա ազատորեն խոսում է, վայրկենաբար արձագանքում է, վայրկենաբար ստեղծում է իր գնահատականները,- ասել է Ժիրինովսկին:- Չէ՞ որ ինձ ձեզնից ոմանք նույնպես հեգնաբար են ընկալում»:
Ժիրինովսկին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին համեմատել է «հարբեցող կնոջ հետ»:
«Հիշո՞ւմ եք՝ նա (Քլինթոնը) ինչպես էր ուրախանում, երբ Քադաֆին արյան մեջ պառկած էր: Երեխայի պես: Խելագար: Նա ուրախանում է այլ պետության ղեկավարի մահով: Նրան ուրախացնում է մարդկանց մահը: Կանանց ֆանատիզմը, ինչպես կանանց հարբեցողությունը, ամենավտանգավորն է»,- հայտարարել է Ժիրինովսկին: