Ավստրիայի ՆԳՆ-ն ստացել է սպառնալիքներով նամակներ ոստիկանության բաժինների դեմ պատրաստվող ահաբեկչությունների մասին
ՄիջազգայինԱվստրիայի ՆԳՆ-ն հինգշաբթի հաղորդագրություններ է ստացել երկրի մի շարք դաշնային հողերում ոստիկանության բաժանմունքների դեմ պատրաստվող ահաբեկչությունների մասին: Ինչպես հաղորդվում է նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ իրավապահ մարմինները ենթադրում են, որ սպառնալիքների աղբյուրն իսլամիստներն են:
ՆԳՆ-ում նաև նշել են, որ դեպքի հետաքննությամբ զբաղվել է Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դաշնային ծառայությունը: «Անվտանգության կետային միջոցառումները ուժեղացվել են»,- հավելել են գերատեսչությունում:
Նրանց տվյալներով՝ հաղորդագրություններն ուղարկվել են էլեկտրոնային փոստի կեղծ հասցեից, որից նման սպառնալիքներ արդեն ստացվել էին: Սակայն այս անգամ նամակներում նշված են եղել ենթադրյալ հարձակումների կոնկրետ հասցեներ և ամսաթվեր: ՆԳՆ-ում նշել են, որ նամակներում նշված են Վիեննա, Ստորին Ավստրիա և Շտիրիա դաշնային հողերում ոստիկանական բաժանմունքների հասցեներ:
Միևնույն ժամանակ գերատեսչությունում կարծում են, որ «խուճապի հիմք չկա», թեև խոստովանում են, որ նման հաղորդագրությունները «ցանկացած դեպքում զգուշություն դրսևորելու պատճառ են»: