Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագահ Դիլմա Ռուսեֆի հեռացմանը
ՄիջազգայինԲրազիլիայի Սենատի` իմպիչմենթի հարցերով հանձնաժողովը վերին պալատին առաջարկել է ընդմիշտ հեռացնել Դիլմա Ռուսեֆին երկրի նախագահի պաշտոնից` բյուջետային օրենսդրության խախտման մասին գործի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հանձնաժողովի 21 անդամից 14-ը կողմ են քվեարկել, 5-ը` դեմ: Այս որոշումը պաշտոնապես ոչնչով չի պարտավորեցնում Սենատին, սակայն Ռուսեֆին էլ ավելի մոտեցնում վերջնական հեռացմանը:
Վերջինիս մեղադրում են պետական ծախսերը մեծացնելու նպատակով երկրի բյուջեի դեֆիցիտի իրական ծավալը թաքցնելու մեջ:
Ինքը Ռուսեֆը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները և գործը քաղաքականապես մոտիվացված է համարում:
Հիշեցնենք, որ մայիսին Բրազիլիայի Սենատը քվեարկել էր Ռուսեֆի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու օգտին: