Բերգամոյի օդանավակայանում Boeing-ը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից
ՄիջազգայինBoeing 737-400 բեռնատար օդանավը իտալական Բերգամո քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Պատահարի հետեւանքով ոչ մեկը չի տուժել:
BBC-ի տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 4-ին: Օդանավը քանդել է արգելապատնեշը եւ դուրս եկել օդնավակայան տանող ավտոմայրուղի: Քանի որ վաղ առավոտ էր, մայրուղու վրա այդ պահին մեքենաներ չեն եղել:
Նախնական տվյալներով՝ անհաջող վայրէջքի պատճառը եղանակային վատ պայմաններն էին: Վթարից հետո սոցցանցերում վթարի վայրի լուսանկարներ են հայտնվել, որոնցում երեւում է՝ գետնին պառկած վնասված օդանավը՝ ավտոմայրուղին փակած:
Օդանավակայանի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել է, մի քանի չվերթներ Բերգամոյից տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Միլանի «Մալպենսա» օդանավակայան: