Կոսովոյի խորհրդարանի շենքի մեջ պայթուցիկ են նետել
ՄիջազգայինԿոսովոյի խորհրդարանի շենքի մեջ պայթուցիկ է նետվել: Ոստիկանությունը հայտնում է, որ շենքն աննշան վնասվածքներ է ստացել, տուժածներ չկան, փոխանցում է BBC-ն:
Պատահարից հետո Պրիշտինայի կենտրոնը շրջափակվել է: Խորհրդարանը գտնվում է քաղաքի կենտրոնի աշխույժ փողոցում տեղակայված կառավարական շենքերի կողքին: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկը շենքի մեջ է նետվել որոշ հեռավորությունից:
Դեպքը տեղի է ունեցել Չեռնոգորիայի հետ սահմանի համաձայնության վավերացման վերաբերյալ կառավարության առաջարկի հետ կապված լարվածության աճի ֆոնին: Նախօրեին կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է խորհրդարանի վավերացմանը: Ինչպես սպասվում է, համաձայնագրի վավերացման հարցի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Չեռնոգորիայի հետ սահմանի վերաբերյալ համաձայնագիրը, որը Կոսովոյի բնակիչներին թույլ կտա առանց վիզայի մեկնել ԵՄ երկրներ, աջակցում են Վաշինգթոնն ու Բրյուսելը: Սակայն Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները պայմանագրի դեմ են հանդես գալիս, որը նախատեսում է Չեռնոգորիային փոխանցել 8 հազար հեկտար հող: Ընդդիմությունը զայրացած է, որ Կոսովոն հողային այդպիսի կորուստ է ունենալու: