Ավստրիան եւ Թուրքիան «սիրալիրություններ» են փոխանակել
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ավստրիան կոչել է «արմատական իսլամիզմի մայրաքաղաք»: Նա այդպես է արձագանքել ավստրիացի կանցլեր Քրիստիան Կերնի հայտարարությանը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որի պատճառը երկրում ժողովրդավարության պակասն է:
TGRT Haber-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն կանցլերի հայտարարությունը «տգեղ» է անվանել եւ հերքել է Կերնի բոլոր պնդումները, հայտնում է Reuters-ը:
Վիեննան իր հերթին հայտնել է, որ Անկարան պետք է հետեւի իր խոսքերին եւ գործողություններին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: «Ես կտրականապես հերքում եմ Թուրքիայի քննադատությունը Ավստրիայի հասցեին: Անկարային կոչ եմ անում հետեւել խոսքերի ընտրությանը եւ սեփական երկրում իր գործողություններին», - Կուրցին է մեջբերել նրա մամուլի քարտուղարը: