Ժամանակավորապես փակվելուց հետո Ղրիմի և Ուկրաինայի սահմանը վերաբացվել է
ՄիջազգայինՈւկրաինական և ռուսական սահմանապահները երկու երկրների միջև սահմանային անցակետի ժամանակավոր փակումից հետո սկսել են մարդկանց ներս թողնել Ուկրաինայի և Ղրիմի տարածք, 112 Украина հեռուստաաիլիքի եթերում հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը։
«Շարժը սկսել է վերականգնվել մոտավորապես ժամը 11։00-ին «Չոնգար» անցակետում։ Մարդիկ արդեն կարողանում են սահմանը հատել»,- պատմել է Սլոբոդյանը։
Սահմանապահ ծառայության կայքում նշվում է, որ ներկա պահի դրությամբ «Չապլինկա» և «Կալանչակ» կետերում մարդկանց և փոխադրամիջոցների անցում տեղի չի ունենում։
Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ երեք անցակետում ժամանակավոր դադարեցվել է Ուկրաինայից մարդկանց և փոխադրամիջոցների անցումը Ղրիմի տարածք։
Ըստ ուկրաինական գերատեսչությունների տվյալների՝ նախաձեռնություն ռուսաստանյան կողմինն է։