Էրդողանը ոգևորվածություն բացարձակ չուներ, ընկճված տեսք ուներ. թուրքագետ
ՄիջազգայինԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանն իր խոսքը սկսեց վաղ առավոտից թուրքական տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերլուծությամբ. «Այսօր առավոտյան թուրքական թերթերը՝ «Պատմական հանդիպում», «Շրջադարձ՝ ռուս-թուրքական հարաբերություններում», «Համագործակցությունից անցնել ռազմական գործըկերության» և նման այլ արտահայտություններով էին առաջին էջերում բնութագրել Էրդողան-Պուտին հանդիպումը: Հետեւելով այդ հանդիպման արդյունքներին` կարող ենք ասել, որ այս հանդիպումը, որը տևել էր մոտ 3 ժամ, բարի կամքի դրսևորում էր՝ հարաբերությունները նախկին մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց նա:
Ինչպես նշեց Հակոբ Չաքրյանը, կողմերն ընդամենը պատրաստակամություն են հայտնել, և որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել: «Մինչդեռ Էրդողանը մինչ մեկնելը մի քանի հարցեր էր առանձնացրել՝ տնտեսա-առևտրական և քաղաքական հարաբերությունները կարգավորելու, ռուս-թուրքական հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի և վերանայելու Թուրքիայի սիրիական քաղաքականությունը: Դա Ռուսաստանի պահանջներից մեկն էր հարաբերությունների վերականգնման համար: Էրդողանն այդ մասին ասաց, որ Ռուսաստանը Սիրիայում ամենագլխավոր դերակատարն է այդ սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հաղթահարել սիրիական ճգնաժամը, բայց չպետք է մոռանալ Բաշար Ասադի մասին, որը 600 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: Այսինքն՝ ենթադրվում է, որ սիրիական հարցի կարգավորման համար պետք է Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, իսկ Ռուսաստանը դրան դեմ է»,- ասաց նա:
Թուրքագետը, լսելով Էրդողանի ելույթը, նկատել էր, որ վերջինիս խոսքում ոգեւորության որեւէ նշույլ չկար. «Ոգևորվածություն բացարձակ չուներ, ընկճված տեսք ուներ: Ըստ երևույթին, նրա ընկճված տեսքը, Պուտինի հասցեին շարվող գովեստները նշանակում էին, որ այս հանդիպումն առանձնապես չի բավարարել Էրդողանին, որովհետև Էրդողանն արագ էր ուզում վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: Ռուսաստանը շահագրգռված չէ, նա առանձնապես բան չի կորցրել, Ռուսաստանը Թուրքիա գազ է արտահանում, այդ հոսքը չի դադարեցվել, Թուրքիան է շահագրգռված՝ 22-23 միլիարդ դոլարի վնաս է կրել Ռուսաստանի էմբարգոյի հետևանքով»: