Մեծ Բրիտանիան պետք է պատասխանատվություն կրի Եմենի ռմբակոծության համար. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան պետք է պատասխանատվություն կրի Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած ռմբակոծությունների համար: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով Բրիտանիայի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն էր հայտնել Եմենի ճգնաժամում Իրանի ունեցած դերի կապակցությամբ, փոխանցում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Լոնդոնը՝ որպես Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի հիմնական զենքի մատակարար, պետք է պատասխանատվություն կրի միջազգային հանրության առաջ: Ղասեմին նշել է, որ նման անհիմն մեղադրանքների փոխարեն, որոնք հիմնված են անհասկանալի հաշվետվությունների վրա, բրիտանացի պաշտոնյան պետք է պատասխանատվություն ստանձնի անմարդկային պահվածքի եւ Եմենի բնակիչների զանգվածային սպանության պատճառ դարձած զենքի մատակարարումների համար: «Բրիտանացի պաշտոնյաները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչու են նրանք, չնայած Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող Եվրախորհրդարանի բանաձեւերին, շարունակում զենքի վաճառքի իրենց անմարդկային քաղաքականությունը»,- ասել է Ղասեմին: