Կալիֆոռնիայի նահանգապետը հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկու շրջանում
ՄիջազգայինԿալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի երկու շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նահանգապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սան Լուիս Օբիսպո եւ Լեյք օկրուգներում արտակարգ դրություն է մտցվել այն բանից հետո, երբ կրակն ընդգրկել է ընդարձակ հողատարածքներ, խախտել օկրուգների ենթակառուցվածքը, ոչնչացրել տները եւ հանգեցրել մարդկանց տարահանման:
Associated Press գործակալության տեղեկատվության համաձայն՝ կրակը ոչնչացրել է առնվազն 175 շինություն, հիմնականում տներ եւ ձեռնարկություններ Լեյքի օկրուգի Լոուեր Լեյք քաղաքում: Բացի այդ, տարահանվել է շուրջ 4 հազար մարդ:
Օգոստոսի 13-ի երեկոյան Լեյքի օկրուգում սկսված հրդեհը հասել է Լոուեր Լեյք քաղաք, որը 145 կիլոմետր է հեռու Սան Ֆրանցիսկոյից: Ինչպես հայտնել են իշխանությունները, կրակն արագորեն տարածվում է չորային եղանակի պատճառով, դրա մակերեսն ավելացել է 13 քառակուսի կիլոմետրով: Քաղաքի մի մասի վրա թանձր սեւ ծուխ է բարձրացել, այրվել են փոստի շենքը եւ մի քանի գրասենյակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: