Ռուսական օդուժը կարող է երկրի օդային սահմանը հատել որոշակի պայմաններով. Իրաքի վարչապետ
ՄիջազգայինՌուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ռմբակոծիչները կարող են Իրաքի օդային սահմանը հատել, եթե հետեւեն որոշակի պայմանների: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
«Մենք մեր օդային տարածքը բացել ենք որոշակի պայմաններով»,- հայտարարել է պաշտոնյան՝ այդ պայմանների մասին, սակայն, որեւէ մանրամասն չնշելով:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նաեւ նշել է, որ իրաքյան կողմը Ռուսաստանից պաշտոնական հարցում չի ստացել իրենց տարածքների վրայով տարատեսակ հրթիռների թռիչքի վերաբերյալ:
Ավելի վաղ ռազմադիվանագիտական աղբյուրը հաղորդել էր, որ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչներն Իրաքի եւ Իրանի իշխանություններից թույլտվություն են խնդրել այդ երկրների օդային տարածքն օգտագործելու համար՝ թեւավոր հրթիռների թռիչքներ ապահովելու նպատակով: