ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. ՀՀ ԱԳՆ
ՔաղաքականՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է: Այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող փորձերը միայն խափանում և հարված են հասցնում հիմնահարցի խաղաղ, բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում ԼՂ-ի մասին հարցի ներառմանը:
«Եվ դա ոչ միայն Հայաստանի կարծիքն է, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը, որը տարբեր մակարդակներով բազմիցս արտահայտվել է նրանց կողմից»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով` «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային կետի ներքո բանաձևեր ընդունվել են երկու անգամ` 2006թ. սեպտեմբերի 7-ին և 2008 ապրիլի 25-ին (60/285 և 62/243` համապատասխանաբար): Դրանից հետո, 2009-ից սկսած ԳԱ օրակարգում նույնանուն այդ կետը պահպանվել է, սակայն որևէ բանաձև չի ներկայացվել և, համապատասխանաբար` չի ընդունվել: ԳԱ գալիք` 71-րդ նստաշրջանի օրակարգում ևս նախատեսվում է այդ օրակարգային կետի պահպանումը:
«Հայաստանի պատվիրակությունն ավանդաբար հանդես է գալիս ելույթով` տարանջատվելով Ադրբեջանի այդ առաջարկից, ինչը կարվի նաև այս նստաշրջանի մեկնարկին` օրակարգի ընդունման ընթացքում»,- ընդգծեց Քոչարյանը: