ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել պահպանել մարդու իրավունքները անգամ արտակարգ դրության ժամանակ
ՄիջազգայինԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի փորձագետների խումբը Թուրքիային կոչ է արել երկրում մտցված արտակարգ դրության ժամանակ պահպանել միջազգային օրենսդրության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի փորձագետներն ընդգծել են, որ անգամ արտակարգ դրության պայմաններում պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ կապված կյանքի իրավունքների պաշտպանության, կտտանքներն արգելելու, մարդու հիմնական իրավունքներին հավատարիմ լինելու, ինչպես նաև կրոնական խտրականությունից հրաժարվելու հետ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ չնայած իրենք հասկանում են, որ Թուրքիան ճգնաժամ է ապրում՝ այնուամենայնիվ, մտահոգ են, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների պահպանման երաշխիքների լայն շրջանակը նեղացնելու ուղղությամբ: