Թուրքիայում անմարդկային կտտանքների են ենթարկվում հեղաշրջման փորձի հետ կապ չունեցող շարքային զինվորներ. թուրք գրող-հրապարակախոս
ՄիջազգայինԹուրք գրող-հրապարակախոս Յավուզ Սելիմ Դեմիրաղը, որը նոր աշխատություն է գրում Թուրքիայում աղանդավորական խմբավորումների ու հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման մասին, հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո զինվորները ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս մասին գրում է Ջումհուրիյեթ թերթը:
Դեմիրաղը հայտարարել է, որ իր վստահելի աղբյուրի փոխանցմամբ՝ զինվորներին տանջում են ծեծի և էլեկտրաշոկի միջոցով: Նա նշել է, որ դա անում են անգամ այն շարքայինների հանդեպ, ովքեր հեղաշրջման փորձին մասնակցություն չեն ունեցել։
«Հասկանալի է, որ պատժվում են գյուլենականները, բայց կտտանքների են ենթարկվում Գյուլենի կազմակերպության և հեղաշրջման փորձի հետ ոչ մի կապ չունեցող երիտասարդ շարքայիններ: Շատերին պատժում են առանց քննելու ու պաշտպանության հնարավորություն տալու: Սա անմարդկային քայլ է»,- ասել է Դեմիրաղը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: