Նորզելանդուհի մարզուհին հատուկ օլիմպիական մրցանակի կարժանանա մարզական ոգի և բարի կամք դրսևորելու համար
ՍպորտՆոր Զելանդիան ներկայացնող մարզուհի Նիկի Համբլինը կպարգևատրվի Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցավազքի ժամանակ ցուցաբերած բարության համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը` մարզուհին յուրահատուկ պարգևին կարժանանա մարզական ոգու և բարի կամքի դրսևորման համար: Վերջինս կանանց 5000 մետր արագավազքի ժամանակ դադարեցրել էր վազքը ամերիկուհի Աբեյ Դ՛Ագոստինոյին օգնություն ցույց տալու համար:
Դ՛Ագոստինոն հորդորել էր Համբլինին շարունակել իր ելույթը, սակայն վերջինս հրաժարվել էր հեռանալ, քանի դեռ չէին մոտեցրել անվասայլակն ու չէին օգնել ամերիկուհուն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է պարգևատրել Համբլինին Պիեռ դե Կուբերտենի հեղինակավոր մեդալով: Մեդալը, որը հայտնի է նաև Արդար խաղի միջազգային մրցանակ անվանումով, Օլիմպիական պատմության ընթացքում շնորհվել է միայն 17 անգամ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրի անունով կոչվող մրցանակը շնորհվում է մարզիկներին, կամավորներին և պաշտոնատար անձանց օլիմպիական ոգի դրսևորելու համար: