Թուրքիայում մտավորականներին բանտարկելը չի կարող նույնացվել ահաբեկչության դեմ պայքարի հետ. Յունկեր
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո մտավորականներին բանտարկելը չի կարող նույնացվել ահաբեկչության դեմ պայքարի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ն, Յունկերը քննադատել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակում տեղ ունեցող չարաշահումները: Բրյուսելը պահանջում է բարեփոխել այդ օրենքը, իսկ Անկարան չի ցանկանում այն փոխել, քանի որ ստիպված կլինի հարգել ազատ խոսքի իրավունքը եւ կառավարության դեմ քննադատությունը:
«Ահաբեկչության դեմ պայքարը չի կարելի օգտագործել մտավորականներին, գիտնականներին, լրագրողներին բանտարկելու համար», -ասել է Յունկերը` ակնարկելով պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կառավարության քննադատների նկատմամբ սկսված լայնածավալ բռնությունները:
Անդրադառնալով միգրանտների հետ կապված համաձայնագրի շրջանակում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկմանը, Յունկերն ասել է, որ «անցագրային ռեժիմը թուրք քաղաքացիների համար կարող է հոկտեմբերի 1-ից չեղարկվել, եթե Անկարան կատարի իր առաջ Բրյուսելի դրած բոլոր 72 պայմանները»:
Եվրահանձնաժողովի անդամ Գյունթեր Էթինգերն ավելի վաղ հայտարարել էր, որ «Թուրքիան ընթացիկ տարում վիզաների ազատականացում չի ստանա»: