Բրյուսելում մաչետեով զինված կինը ավտոբուսի 3 ուղևորի է վիրավորել, որից հետո ձերբակալվել է
ՄիջազգայինԲրյուսելում մաչետեով զինված կինը երեք մարդու է վիրավորել, որից հետո ոստիկանությունը վնասազերծել է նրան:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, կինը հարձակվել է ավտոբուսից իջնող ուղևորների վրա և հարվածներ հասցրել: Վիրավորներից մեկը հարված է ստացել մեջքի, մյուսը` ստամոքսի հատվածում:
Բելգիայի մայրաքաղաքում միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին, որից հետո նա փախել էր դեպի մոտակա պատկերասրահը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի անգամ զգուշացրել են նրան հանձնվել, որից հետո կրակել են կնոջ ձեռքին և ձերբակալել նրան:
Վիրավորներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության վարկածով` կնոջ գործողությունները առնչություն չունեն ահաբեկչության հետ: Ենթադրվում է, որ նա հոգեկան առողջական խնդիրներ ունի: