Ոչ մի խոսակցություն կամ փաստաթուղթ, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն, իսկ փոխարենը` մենք ոչինչ չենք տալիս, գոյություն չունի. քաղաքագետ
ՔաղաքականՂարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ առաջիկայում որեւէ նորություն ակնկալել չենք կարող, իսկ բանակցային հարցում որեւէ փոփոխություն չի լինի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ապրիլյան իրադարձություններից հետո եղան տարբեր հայտարարություններ, մեկնաբանություններ Ռուսաստանից եւ Հայաստանից: Դրանք հետեւանքն էին նրա, որ ապրիլյան էսկալացիայից հետո հանձնարարությունը պարզ դրված էր, ու դրա մի մասը կատարում էր Ռուսաստանը: Այդ հանձնարարությունը դեէսկալացիան էր, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը դնել այն շրջանակներում, որտեղ բռնությունը քիչ է եւ այլն»,- ասաց նա` հավելելով, որ հիմա բռնությունները նվազել են: Այդ հանձնարարության գործիքները հայտարարություններն էին, ինչ-որ ճնշումներն Ադրբեջանի, նաեւ Հայաստանի վրա. «Ինչ-որ առաջարկներ են եղել Ադրբեջանին, դա ակնհայտ է: Այդ առաջարկների արդյունքում բռնությունները կտրուկ նվազել են: Հիմա, չեմ կարծում, թե լրջորեն կարելի է մտածել ինչ-որ փոփոխությունների մասին։ Ադրբեջանում իրավիճակը նույնպես հեշտ չէ. ներսում եւ արտաքին հարաբերություններում կան խնդիրներ»:
Խոսելով նաեւ շահարկման թեմա դարձած տարածքների վերադարձի մասին` նա նշեց,. «Այն օրվանից, երբ ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, ինչ-որ նոր բան եղե՞լ է: Փոխվե՞լ է ինչ-որ բան այն առաջարկներում, որոնք դրված են բանակցային սեղանին, ո՛չ: Դրանք բոլորը Մադրիդյան սկզբունքներն են։ Ոչ մի խոսակցություն կամ փաստաթուղթ, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն, իսկ փոխարենը՝ մենք ոչինչ չենք տալիս, գոյություն չունի։ Սա միակ տարբերակն է, որ հիմա քննարկվում է, այլ հարց է, որ անիմաստ է դրա մասին խոսել, քանի որ ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները դրան պատրաստ չեն»։