ԿԺԴՀ-ն հրթիռ Է արձակել ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների
ՄիջազգայինԿԺԴՀ-ն Ճապոնական ծովում սուզանավից բալիստիկ հրթիռ Է արձակել օգոստոսի 22-ին սկսված Ulchi Freedom Guardian ամերիկա-հարավկորեական զորավարժությունների կապակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն:
Գործակալության տվյալներով՝ արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) Սինփո նավահանգստային քաղաքից ոչ հեռու՝ Համգեն Նամդոյի նահանգում:
Հրթիռն անցել Է 500 կիլոմետր եւ Ճապոնական ծովում ընկել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության միջոցների նույնականացման գոտում: Կոմիտեի տվյալներով՝ «հրթիռը հաղթահարել Է շուրջ 500 կիլոմետր տարածություն եւ ընկել Ճապոնական ծովը՝ 80 կիլոմետր թռչելով Ճապոնիայի հակաօդային պաշտպանության միջոցների նույնականացման գոտու խորքը»:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հավաստել Է հարավկորեացի զինվորականների տեղեկատվությունը եւ արձակումը համարել Է «լուրջ սպառնալիք Ճապոնիայի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»: «Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի աններելի եւ ակնհայտ խախտում Է, եւ մենք վճռական բողոք ենք հայտնել Հյուսիսային Կորեային»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: