Կրոսի գոլը հաղթական էր «Ռեալ»-«Սելտա» խաղում
ՍպորտԻսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Սելտային» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Առաջին խաղակեսում թիմերն առանձնապես աչքի չընկան ակտիվ պայքարով և սուր գործողություններով, ինչի արդյունքում ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին, երբ «Սելտայի» պաշտպանության ձախողման արդյունքում Ալվարո Մորատան գնդակն ուղարկեց Սերխիո Ալվարեսի պաշտպանած դարպասը։ Մադրիդցիների ուրախությունը երկար չտևեց․ 67-րդ րոպեին Ֆաբիան Օրելյանան վերականգնեց հաշվի հավասարությունը։

Գոլից հետո «Սելտան» հիմնական ուժերը կենտրոնացրեց պաշտպանությունում, սակայն ձախողումից չկարողացավ խուսափել․ 81-րդ րոպեին «Ռեալի» համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Թոնի Կրոսը։

«Ռեալն» այժմ ունի 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սելտան» դեռ միավոր չի վաստակել։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2։1
Գոլերը՝ Մորատա 60՛, Կրոս 81՛ - Օրելյանա 67՛