Թուրքական կառավարությունը որոշել է վերացնել սիրիացի քրդերին
ՄիջազգայինԹուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել Սիրիայում «Դեմոկրատական միություն» (PYD) քրդական ջոկատների եւ Թուրքիայի միջեւ զինդադարի մասին, եւ թուրքական զինված ուժերը Սիրիայում գործելու են «քրդական բանակն ամբողջությամբ վերացնելու» սկզբունքով:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը:
Չելիքի խոսքով` Թուրքիան այն դիրքորոշմանն է, որ «Դեմոկրատական միությունը» ահաբեկչական կազմակերպություն է եւ պետք է ոչնչացվի:
Արեւմտյան ԶԼՄ-ները երեկ հաղորդել էին, որ Թուրքիան եւ Սիրիայում «Դեմոկրատական միության» ջոկատները ժամանակավոր զինադադարի մասին համաձայնություն են ստորագրել:
Նաեւ հաղորդվել էր, որ ժամանակավոր զինադադարի մանրամասները պետք է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ քննարկվեն G20 գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբլուս քաղաք: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով այն բանից, որ ԻՊ-ի դեմ պայքարում հաջողություններ գրանցած սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:
Ջերաբլուսը քրդերի վերահսկողությունից դուրս բերած թուրքական զինված ուժերը սկսել են շարժվել քաղաքից հարավ: Թուրքիայի ԶՈւ այդ գործողությունը քննադատել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Իրանը: