Հայաստանը և նավթի գները
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները դեռևս կայուն են նավթամթերքի միջազգային շուկաներում գրանցված գնանկումների ֆոնին։ 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ, թեև նախորդ տարվա համեմատ նկատվել է փոքր-ինչ գնանկում։ Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3 և 2.2 տոկոսով։ Գնային այս տատանումը զգալի չէ գնանկման այն ալիքի համեմատ, որ սկսվել է նավթի միջազգային շուկաներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոկտեմբերի 6-ին Հյուսիսային ծովի Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի գինը նվազեց 0,36 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 91,98 դոլար: WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել է 0,08 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 89,67 դոլար: Այսպիսիով, Brent տեսակի նավթի գինն ընկել է վերջին երկու տարվա ընթացքում իր նվազագույն ցուցանիշից: