Մարտի 1-ի գործի մանրամասն ուսումնասիրությունն իմ առաջնահերթություններից մեկն է լինելու. Գլխավոր դատախազի թեկնածու
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը, ինչի հետ կապված ելույթ ունեցավ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իր ծրագիրը։ Նա խոսեց դատաիրավական համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարեւորության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին:
Պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է թեկնածուն պատրաստվում պայքարել արդարության ճգնաժամի դեմ, Ա. Դավթյանը պատասխանեց. «Արդարության պակասի հետ կապված խնդիր տեսնում եմ, մանավանդ, դա խնդիր է հանրային ընկալման մեջ: Ես սրա լուծումը տեսնում եմ մեր գործունեության հրապարակայնության մեջ»։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ բարձրաձայնեց մի շարք հանցագործությունների չբացահայտված լինելու հանգամանքը՝ հիշեցնելով Մարտի 1-ի գործը, որն ի դեպ հասել է Եվրոպական դատարան:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց.
«Չբացահայտվող հանցագործություններ չկան, այլ հարց է, թե եղած ռեսուրսները որքանով թույլ կտան դրանք բացահայտել: Մարտի 1-ի գործով քրեական գործի վարույթը կասեցված չէ, այն ընթացքի մեջ է: Այդ գործի մանրամասն ուսումնասիրությունն իմ առաջնահերթություններից մեկն է լինելու: Բացահայտման մասով երաշխիքներ չեմ կարող ներկայացնել, բայց ես հրապարակային կաշխատեմ` այդ գործի հետ կապված»։