Թուրքիայի բանտերում քաոս է
ՄիջազգայինԹուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակի անդամ, փաստաբան Գյուլսերեն Յոլերը Շըրնաք և Նուսայբին նահանգներ այցելելուց հետո զեկույց է ներկայացրել գրասենյակ՝ պատմելով այդ շրջաններում ազատազրկված քաղաքացիների կրած անմարդկային կտտանքների մասին:
Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածները, որոնք մեղադրվում են հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամներ լինելու համար, ենթարկվում են անմարդկային տանջանքների և ունեն լուրջ աջակցության կարիք:
«Բանտային պայմաններն անտանելի են: Բանտարկյալները մի քիչ օդ շնչելու համար հերթով գնում կանգնում են փոքրիկ պատուհանի դիմաց: Երկար ժամանակ այստեղ մնացողներն արդեն ունեն լուրջ առողջական խնդիրներ:
Մտածում են հացադուլ սկսելու մասին: Բանտերում անմարդկային քաոս է: Հայտնի չէ, թե երբ կթույլատրվեն տեսակցությունները: Տեսակցության ժամերը փոխում են՝ ինչպես ուզեն: Հեռու տեղերից եկողները ստիպված վերադառնում են՝ իրենց բանտարկված ազգականներին այդպես էլ չտեսած: Ամսվա մեջ մեկ անգամ ազգականների տեսակցություն կար, հիմա դարձրին երկու ամիսը մեկ:
Վերջին շրջանում բազմաթիվ բանտարկյալներ ուղարկվեցին իրենց ընտանիքներից շատ հեռու շրջաններ: Բողոքող բազմաթիվ փաստաբաններ ձեռնունայն են վերադառնում», - իր զեկույցում նշել է փաստաբանը: Հաղորդում է t24.com.tr-ը։