Լինելու են սահմանադրական բարեփոխումներից բխող ծրագրային փոփոխություններ. Վահրամ Բաղդասարյան
ՔաղաքականԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչները շտապում են ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքի մասին եզրակացություններ անելով: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանը նորմալ համարեց, որ որոշ ընդդիմադիրներ արդեն իսկ հայտարարում են, որ սպասելիքներ չունեն Կարեն Կարապետյանի կառավարությունից:
«Բնականաբար, մոտենում են ընտրությունները և՛ տեղական ինքնակառավարման մարմինների, և՛ խորհրդարանական, բայց մենք պատրաստ ենք լսել քննադատությունները և դրանք լսելով` լծվել գործի, որովհետև փոփոխությունները ինքնանպատակ չեն լինում»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ լինելու են ոչ թե անձերի, այլ ծրագրային դրույթների փոփոխություններ, որոնք բխում են սահմանադրական բարեփոխումներից: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կան լուրջ խնդիրներ, իսկ մենք հապաղելու ժամանակ չունենք: Մենք պարզապես պարտավոր ենք նոր ծրագրերով կյանքի կոչել այն բարեփոխումները, որոնք նախանշված են»,- եզրափակեց պատգամավորը: