Վրաստանում 73 մեծամասնական մանդատի համար կպայքարի ավելի քան 800 թեկնածու
ՄիջազգայինՍեպտեմբերի 15-ի դրությամբ, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին, 73 միամանդատ ընտրատարածքներում առաջադրվել է ավելի քան 830 թեկնածու, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Յուրաքանչյուր միամանդատ ընտրատարածքում թեկնածուների թիվը տատանվում է 7-16-ի միջակայքում: Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա քվեարկությանը մասնակցածների կեսից ավելիի ձայները, հակառակ դեպքում՝ տեղի կունենա երկրորդ փուլ՝ առաջին փուլից հետո 25 օրվա ընթացքում:
«Վրացական երազանք» կուսակցությունը, «Ազգային շարժումը» եւ «Պետություն հանուն ժողվորդի» դաշինքը իրենց ներկայացուցիչներն ունեն 73 ընտրատարածքներից 72-ում: Այնուհետեւ գալիս է «Հայրենասերների ալյանսը» (71 ընտրատարածք) եւ «Ազատ դեմոկրատները» (64 ընտրատարածք):
Վրաստանում խառը ընտրական համակարգ է գործում. 150 պատգամավորական տեղերից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, որոնք պետք է հաղթահարեն 5-տոկոսանոց արգելքը: Մնացած 73 տեղերում ընտրվում են միամանդատ (մեծամասնական) ընտրատարածքներից: