Դեր Զորում սիրիական ինքնաթիռ է խոցվել, օդաչուն մահացել է
ՄիջազգայինՍիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր նահանգում սիրիական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռ է խոցվել, օդաչուն տեղում մահացել է, փոխանցում է SANA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում:
Նախօրեին 62 սիրիացի զինվոր զոհ դարձան ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից հասցված օդային հարվածների՝ Դեր Զորի ռազմական օդակայանի տարածքում: Պենտագոնը հայտարարել էր, որ իրենք գործել են ԻՊ-ի դեմ և Ասադի զորքերի վրա հարձակումը սխալմունք էր:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով:
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ից հատուկ ջոկատայիններ են ժամանել սիրիական Ռայի շրջան` ԻՊ-ի երկրորդ մայրաքաղաք համարվող Էլ-Բաբը թուրքական ԶՈՒ-ի հետ միասին ազատագրելու նպատակով: