Մինեսոտայի առեւտրի կենտրոնում այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ամերիկյան Մինեսոտա նահանգի Սենթ Քլաուդ քաղաքի առեւտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակման պատասխանատվությունը: AFP-ի փոխանցմամբ՝ ԻՊ-ն հարձակվողին իր «զինվորն» է կոչել, որը «գործողությունն» իրականացրել է՝ ի պատասխան «կոալիցիայի երկրների բնակիչներին թիրախ դարձնելու» կոչերի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է Սենթ Քլաուդ քաղաքի առեւտրի կենտրոնի այցելուների վրա: Տեղի ոստիկանության ղեկավար Բլեր Անդերսոնը նշել էր, որ տղամարդը հիշատակել է Ալլահի անունը, նաեւ տուժածներից մեկին հարցրել, արդյո՞ք նա մահմեդակա է:
Դեպքի հետեւանքով 8 մարդ հոսպիտալացվել է, ավելի ուշ 7-ին տուն են ուղարկել: Անվտանգության պահպանության մասնավոր կազմակերպության համազգեստով տղամարդուն ոստիկանները գնդակահարել են: