Դամասկոսը հայտարարել է Սիրիայում հրադադարի ավարտի մասին
ՄիջազգայինՍիրիայի զինված ուժերը հայտարարել են հրադադարի ավարտի մասին: Երկրի պետական «Սանա» գործակալության փոխանցմամբ` նրանք մեղադրել են ապստամբ խմբավորումներին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ:
«Ահաբեկչական խմբավորումները անտեսել են համաձայնագիրը` չկատարելով դրա կետերից և ոչ մեկը և «լռության ռեժիմը» խախտել են ավելի քան 300 անգամ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Սիրիայում հակամարտության կողմերը բազմիցս մեղադրել են մեկը մյուսին պայմանավորվածությունները խախտելու համար:
Հաղորդվում է, որ շաբաթ` սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով ավելի քան 60 սիրիացի զինծառայող է զոհվել: Այս առթիվ նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգնած է այդ «մերկ ագրեսիայի» ետևում:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ից: