Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ օդային հարվածները մեծացրել են հրադադարի ավարտի հավանականությունը
ՄիջազգայինՍիրիական կամ ռուսական ինքնաթիռները երկուշաբթի հարված են հասցրել Հալեպի մոտակայքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյանը: Այդ մասին հայտնել են դիտորդները՝ այն բանից հետո, երբ սիրիացի զինվորականները հայտարարել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի ավարտի մասին, գրում է Reuters-ը:
ՄԱԿ-ը հաստատել է, որ ավտոշարասյանը հարված է հասցվել, բայց չի բացահայտել մանրամասներ այն մասին, թե ով է իրականացրել հարձակումը և չի հայտնել զոհերի մասին: Միևնույն ժամանակ, համաշխարհային առաջնորդները հավաքվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին մասնակցելու՝ սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում բռնության նոր բռնկման ֆոնին:
Սիրիայումմարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը հայտնել է, որ ավտոշարասյան վրա հարձակումն իրականացրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները՝ հավելելով, որ Հալեպում և հարևան շրջաններում հրադադարի ավարտից հետո գրանցվել է 35 հարված: Իրավապաշտպանների տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 12 մարդ: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհաջ Աս Սին հայտնել է ՄԱԿ-ին, որ զոհվել է Սիրիական արաբական Կարմիր մահիկի 14 կամավոր:
«Մենք չգիտենք՝ կարելի է հրադադարը փրկել, թե ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Մոսկվային դադարեցնել սիրիական կառավարական զորքի օդային հարվածները և նշել է, որ ԱՄՆ-ն չի ստացել Ռուսաստանից հրադադարի ավարտի մասին պաշտոնական հայտարարություններ:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ միայն Վաշինգտոնը և Մոսկվան կարող են հայտարարել հրադադարի ավարտի մասին, քանի որ նրանք են համաձայնեցրել այդ պայմանավորվածությունը: