Եվրոպացիները կորցնում են հավատը ԵՄ-ի նկատմամբ. NYT
ՄիջազգայինԱհաբեկչությունների, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրացիոն հոսքերի, գործազրկության և տնտեսական աճի դանդաղ տեմպերի ֆոնին միլիոնավոր եվրոպացիներ սկսում են մտածել, որ ԵՄ-ն իրենց խաբել է: Այս մասին գրում է The New York Times-ը խմբագրական հոդվածում:
Նշվում է, որ Բրատիսլավայում գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի ղեկավարները բլոկում իրավիճակը բնութագրել են կոշտ արտահայտություններով: Այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն անվանել է «կրիտիկական», իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է ԵՄ «էկզիստենցիալ ճգնաժամի» մասին:
Հիասթափված եվրոպացիները գնալով ավելի հաճախ են դիմում պոպուլիստական շարժումների և ազգայնական քաղաքական գործիչների, որոնք խոստանում են պաշտպանել նրանց աշխատատեղերը, կենսակերպն ու անվտանգությունը, ասվում է հոդվածում: Որպեսզի ԵՄ-ն կարողանա գոյատևել, դրա ղեկավարներին անհրաժեշտ է մարդկանց վստահություն ներշնչել խնդիրները լուծելու իրենց կարողության նկատմամբ:
NYT-ն հիշատակում է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքերը, որ փոփոխությունները կարող են հանգեցնել «լուրջ շրջադարձի ազատությունից և այլ հիմնարար արժեքներից, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»: Արևելյան Եվրոպայում, օրինակ՝ Հունգարիայում և Լեհաստանում, այդ շրջադարձն արդեն տեղի է ունենում, գրում է պարբերականը: Հաջորդ տարի նախատեսվող ազգային ընտրությունները Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում տագնապ են առաջացնում, և բլոկի ղեկավարները հույս ունեն, որ Սլովակիայում հայտարարված Եվրոպայի անվտանգության ամրապնդման ծրագրերը ընտրողերին կհամոզեն, որ իրենց համար ավելի անվտանգ կլինի ԵՄ-ում, քան դրա սահմաններից դուրս:
Ընդհանուր առմամբ թերթը անցած գագաթնաժողովը գնահատում է ոչ արդյունավետ: ԵՄ ղեկավարները պայմանավորվել են միայն, որ մինչև մարտին սպասվող հանդիպում իրենք նոր ծրագիր կմշակեն՝ ունակ միությանը նոր կյանք տալու: Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամի մասշտաբը՝ դա ակնհայտորեն բավարար չէ, գրում է NYT-ն: