Ֆիլիպինների իշխանությունները տեղյակ են ընդդիմության կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին
ՄիջազգայինՖիլիպինների իշխանությունները տեղյակ են, որ տեղի ընդդիմությունը մտադիր է արտասահմանյան աջակցությամբ հեղաշրջում կազմակերպել՝ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեին տապալելու համար։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների նախագահի մամուլի խոսնակ Մարտին Անդանարը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ պատրաստվող խոշոր բողոքի շարժման մասին տեղեկությունները ստացվել են ԱՄՆ–ում վստահելի աղբյուրներից։ Հայտնի է դարձել, որ տեղի ընդդիմությունը մտադիր էր 2017-ի հունվարին Դուտերտեի հրաժարականի պահանջով արշավ սկսել՝ այն ուղեկցելով փողոցում բողոքի ցույցերով, որոնց կոչերն արդեն տարածվում են սոցիալական ցանցերում։
Անդանարը հայտնել է, որ իշխանությունները հավուր պատշաճի են արձագանքում պատրաստվող դավադրությանը։
Հիշեցնենք, որ Ռոդրիգո Դուտերտեն նախագահի պաշտոնը ստանձնել էր հունիսի 30-ին։ Գրեթե երեքամսյա կառավարման շրջանում նա Ֆիլիպիններում թմրավաճառության դեմ պայքարի իր քաղաքականության պատճառով ոչ միանշանակ վերաբերմունք է վաստակել թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում։ Այդ պայքարի շրջանակներում արդեն ավելի քան 3.5 հազար մարդ է սպանվել, որոնց կասկածում էին թմրանյութերի վաճառքի հետ կապ ունենալու մեջ։