ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Ասադից Ռուսաստանի միջոցով. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիացի զինվորականների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար, հայտնում է Интерфакс-ը:
«Այո, ներողություն են խնդրել»,- հայտնել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեր Զորի շրջանում հարվածը սխալ է եղել, և Դամասկոսից ներողություն է խնդրել Ռուսաստանի միջոցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական զորքերի ուղղությամբ կանխամտածված են եղել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման շրջափակման մեջ գտնվող սիրիական զորքերին, ինչի հետևանքով զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 մարդ վիրավորվել է:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդունում է Դեր Զորում ամերիկյան կոալիցիայի օդային հարվածների փաստը, բայց պնդում է, որ տեղեկացրել է Մոսկվային այդ հարվածների մասին նախօրոք և դադարեցրել է հարվածները, երբ իմացել է Ռուսաստանից, որ հարվածների շրջանում կարող են գտնվել սիրիացի զինվորականներ: