Փարիզի մերձակայքում խափանված Boeing-ի օդաչուները անտառի վրա տասնյակ տոննա նավթ են թափել
ՄիջազգայինAir France ավիաընկերության օդանավի անձնակազմը անսարքության պատճառով ստիպված է եղել Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտեբլո անտառի վրա թափել վառելիքի մեծ մասը: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ մարդատար Boeing-ը կիրակի առավոտյան օդ էր բարձրացել Օռլի օդանավակայանից՝ ուղեւորվելու Գայանա, սակայն տեխնիկական պատճառներով արագ Փարիզ է վերադարձել:
Վերադառնալիս օդաչուները թափել են վառելիքի մեծ մասը օդանավը թեթեւացնելու համար. խոսքը նավթի տասնյակ տոննաների մասին է:
Փարիզից 55 կմ հեռավորությամբ գտնվող Ֆոնտեբլո կոմունայի քաղաքապետը տեղի ունեցածը վրդովեցուցիչ է համարել:
«Նման բան թույլ տալը սկանդալ է: Ֆոնտեբլոյի անտառ տարեկան 10 մլն մարդ է այցելում: Դա բնության գոտի է, որը պետության պահպանության ներքո է գտնվում»,- իր Twitter–ում գրել է քաղաքապետ Ֆրեդերիկ Վալետուն: