Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի նախագահական ընտրություններին
ՄիջազգայինԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի 2017 թվականի մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված բաց նամակում, որի տեքստը երեքշաբթի տարածել են իրանական լրատվական գործակալությունները:
Այաթոլլահ Խամենեին ավելի վաղ հայտնել է, որ աննպատակահարմար է համարում առաջիկա ընտրություններին Ահմադինեժադի մասնակցությունը:
«Ինձ մոտ մի մարդ եկավ խորհրդի համար: Ես նրան խորհուրդ չտվեցի մասնակցել ընտրություններին: Ընդ որում՝ ես չասացի, որ նա չմասնակցի, ես ասացի, որ դա անտրամաբանական է և աննպատակահարմար»,- հայտարարել է հոգևոր առաջնորդը:
Նա չի նշել կոնկրետ Ահմադինեժադի անունը, բայց ակնհայտ է եղել, որ խոսքը հենց նրա մասին է: Խամենեիի կարծիքով՝ այդ քաղաքական գործչի մասնակցությունը նախընտրական արշավին «հասարակությունը կբաժանի երկու հակադիր բևեռի, ինչը չի նպաստում երկրի շահերին»: