Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնել փորձող իշխանությունների դեմ
ՄիջազգայինՍտամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնել փորձող թուրքական իշխանությունների դեմ: Այս մասին հայտնում է imctv.com.tr-ը:
Ցույցին մասնակցել են իշխանությունների կողմից փակված 12 հեռուստաալիքի և 11 ռադիոկայանի աշխատակիցներ, որոնք վանկարկել են «Չե՛ք կարող լռեցնել ազատ մամուլը»:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ ներկայում իշխանությունները վարվում են այնպես, ինչպես կվարվեին հեղաշրջում կատարող ուժերը: Նրանք նշել են, որ առանց ազատ մամուլի անհնար է խոսել ժողովրդավարական Թուրքիայի մասին, և հավելել, որ դեմ են երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը:
Նախօրեին թուրքական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ երկրում հակապետական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով փակվել է 12 մասնավոր հեռուստաալիք:
Հեռուստաալիքների ղեկավարությունները, մասնավորապես, մեղադրվել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ/PKK) խմբավորմանն աջակցելու և նրանց քարոզչությամբ զբաղվելու համար:
Փակված հեռուստաալիքների մեծ մասը հեռարձակվում էին Արևմտյան Հայաստանի մի շարք քրդաբնակ շրջաններում և ունեին քրդալեզու հաղորդումներ: