Դե Միստուրան պատրաստ է առաջարկություններ ներկայացնել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ. Պան Գի Մուն
ՄիջազգայինՍիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պատրաստ Է ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք կարող են ելակետ ծառայել սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է հարցազրույցում, որը հոկտեմբերի 5-ին հրապարակել Է La Stampa թուրինյան թերթը:
«Իմ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան պատրաստ Է կողմերին մի շարք առաջարկություններ ներկայացնել՝ որպես մեկնակետ: Բայց հաջող բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ Է անհրաժեշտ: Դա նշանակում Է մարտական գործողությունների դադարեցում եւ բոլոր սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորություն»,-ընդգծել Է Պան Գի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել Է, որ սիրիական ճգնաժամի լուծումը չի կարող կախված լինել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրից:
Նրա խոսքով՝ Սիրիայում անցումային շրջանը պետք Է վերածվի մի գործընթացի, որի միջոցով «սիրիացիները կկարողանան ստանալ նոր խաղաղ ու ժողովրդավարական իրականություն, պաշտպանելով իրենց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, եւ միավորվելով ընդդեմ ահաբեկչության», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: