«Ալ Կաիդան» Եվրոպայում հարձակումներ է պլանավորում. The Times
Միջազգային«Ալ Կաիդա» խմբավորումը մտադիր է Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում հարձակումներ իրականացնել, հայտնում է The Times–ը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ահաբեկիչները պլանավորում են հարձակումներ իրականացնել Միացյալ Թագավորության վրա Սիրիայում «Իսլամական պետության» պարտությունների ֆոնին։
«Ալ Կաիդան հանգիստ վերականգնում է ուժերը»,– պարբերականին ասել են կառավարական աղբյուրները։ Դրանց փոխանցմամբ՝ ահաբեկչական ցանցը հարմար պահի է սպասում Եվրոպային «մահացու հարված հասցնելու համար»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը թերթին հայտնել էր, որ «Ալ Կաիդան» Եվրոպայի եւ թագավորության անվտանգության համար ամենաանմիջական սպառնալիք է ներկայացնում։ Նրա խոսքով՝ խմբավորումը վերջնականապես չի ոչնչացվել։
Պարբերականը նշում է, որ «Ալ Կաիդայի» նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ուժեղացնում է իր ազդեցությունը խմբավորման ներսում։