ՆԱՏՕ–ն մտահոգված է Վրաստանում նախընտրական իրավիճակի կապակցությամբ
ՄիջազգայինՆԱՏՕ–ն մտահոգված է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 8-ին։ Գլխավոր մրցակիցները իշխող «Վրացական երազանք» եւ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցություններն են։
«ՆԱՏՕ–ն մտահոգված է բռնության դեպքերում, որոնք տեղ են գտել ընտրական գործընթացում, վերջերս պայթեցրել էին թեկնածուի մեքենան։ Նախընտրական շրջանը պետք է ընթանա հանգիստ մթնոլորտում՝ ժողովրդավարության բարձր սկզբունքների համաձայն»,– գրել է Ափաթուրայը Facebook–ում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում պայթեցրել էին «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան։ Պայթյունից տուժել են վարորդն ու անցորդները։ Որոշ տեղեկություններով՝ նրանց թիվը հասնում է 5-ի։