Հարավարևելյան Ասիայի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի գլխավոր առաջնահերթությունների թվում է. Ռուհանի
ՄիջազգայինԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Հանոյում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Վիետնամին ապահովել էներգետիկ պաշարներով ու պողպատով:
Ռուհանին այդ մասին հայտարարել է Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի հետ հանդիպման ժամանակ: Ռուհանին ընդգծել է, որ Հարավարևելյան Ասիայի և հատկապես Վիետնամի հետ հարաբերությունների ընդլայնումը մշտապես Իրանի գլխավոր առաջնահերթությունների թվում է:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը հող նախապատրաստեց երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
«Իրանը պատրաստ է Վիետնամի հետ հարաբերությունների ընդլայնմանն էներգետիկ, նոր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և ձկնորսության, ինչպես նաև գործարաններ ու նավթաքիմիական համալիրներ կառուցելու գործում»,- ասել է ԻԻՀ նախագահը: