Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 51.63 տոկոս
ՄիջազգայինՎրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 51.63 տոկոս: Քվեարկել է 1 մլն 814 հազար 276 մարդ, հայտնել են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ խորհրդարանի 77 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։
Նշենք, որ «Իմեդի», «Մաեստրո», GDS եւ «Վրաստանի հանրային հեռարձակող» հեռուստաընկերությունների պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով՝ «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հավաքել է 53.8 տոկոս ձայն, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»՝ 19.5 տոկոս:
GFK միջազգային ընկերության էքզիթ փոլի վերջնական արդյունքների համաձայն՝ «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 32.74 տոկոս, «Վրացական երազանքը»՝ 39.9 տոկոս: