Գյուլենին վերադարձնելու խնդրով Թուրքիայի արդարադատության նախարարը կմեկնի ԱՄՆ
ՄիջազգայինԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 26-27-ը կմեկնի Միացյալ Նահանգներ` բանակցելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին վերադարձնելու հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Խոսելով Գյուլենի վերաբերյալ հավաքած նյութերի մասին` նախարարը հայտնել է, որ արտահանձնելու պահանջով կազմված փաստաթղթերի խումբը` դոսյեն, ամենաամբողջականն է աշխարհում: Նա տեղեկացրել է, որ դրանցում կա շուրջ 500 հազար թվային ապացույցներ հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ:
Բոզդաղը նշել է, որ եթե ԱՄՆ ղեկավարությունը ցանկություն ունենա արտահանձնել Գյուլենին, ապա տեղի դատարանները հակառակ որոշում չեն ընդունի: «Գյուլենը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար նույնն է, ինչ «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ համար: Անհրաժեշտ է, որ բոլորը դա հասկանան»,- ասել է նախարարը` հիշեցնելով, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև կա համաձայնագիր վերադարձի վերաբերյալ: