Իրակլի Ալասանիան հայտարարել է քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալու մասին
ՄիջազգայինGeorgia Online-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:
Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ընտրություններում իրենց աջակցած քաղաքացիներին և հատկապես Գորիի ընտրողներին՝ ընդգծելով, որ որոշել է դադարեցնել իր կամպանիան:
«Մեր առաջարկների իրագործման համար անհրաժեշտ էր թիմ, որը պետք է գործեր խորհրդարանում: Դժբախտաբար, մեզ չընձեռվեց նման հնարավորություն:
Քանի որ երկրի գործընթացների վրա ակտիվորեն ազդելու հնարավորություն ես չեմ տեսնում, որոշում եմ ընդունել քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալու մասին»,- ասել է նա:
Իրակլի Ալասանիան մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Գորիում, ուր նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ: Ալասանիայի այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ նա դուրս է գալիս ընտրապայքարից:
Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավաքում է քվեների 4.62 տոկոսը և չի հաղթահարում 5 տոկոսանոց ընտրաշեմը՝ 9-րդ գումարման խորհրդարան անցնելու համար: