Իտալացի քաղաքապետն արգելել է փախստականներին տեղացիների հետ միևնույն ավտոբուսով երթևեկել
ՄիջազգայինԻտալական Կալիցանոյի քաղաքապետ Պիեռանջելո Օլիվյերին արգելել է փախստականներին տեղացիների հետ երթևեկել միևնույն ավտոբուսով՝ նշելով, որ նրանք չեն վճարում ուղեվարձն ու անհանգստացնում են կանանց:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, պաշտոնյան իր որոշումը պատճառաբանելիս նկատել է, որ արգելքի հիմքում ամենևին էլ ռասիզմը չէ ընկած:
Քաղաքապետը չի վախենում քննադատությունից ու իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ իրենց, ցավոք, չի հաջողվել հասնել փախստականների ինտեգրմանը հասարակության մեջ:
«Տեղացներն ուղղակի աղաչում էին ինձ այնպես անել, որ փախստականները չօգտվեն առավոտվա երթուղու ավտոբուսներից: Խոսքն ամենևին էլ ռասիզմի կամ անհանդուրժողականության մասին չէ: Քաղաքացիները չեն ցանկանում միևնույն ավտոբուսով երթևեկել փախստականների հետ, քանի որ վերջիններս անընդհատ անհանգստացնում են իգական սեռի ներկայացուցիչներին, իսկ վարորդներն էլ բողոքում են, որ փախստականները հրաժարվում են վճարել ուղեվարձը»,-ասել է Օլիվյերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքը գործածության մեջ կմտցվի վաղվանից՝ հնարավորություն տալով իտալացիներին ու փախստականներին հանրային տրանպորտում խուսափել վեճերից ու տհաճ միջադեպերից:
Նշվում է, որ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են քաղաքապետի որոշումը: